Վճռաբեկ դատարանը Արսեն Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0128/11/19 որոշմամբ, ընդգծելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը, արձանագրել է, որ կալանավորված դատապարտված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև դրանում ներգրավված պատասխանատու անձանց պարզելու ու հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով հապճեպ կամ չհիմնավորված վերջնական որոշումներ կայացնելուց և գնահատականներ տալուց։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին։